2025 թվականին Դիլիջանում առաջին անգամ անցկացվեց Dilijan Run վազքարշավը


Դիլիջան առողջարանային քաղաքում միջազգային վազքարշավ կազմակերպելու մտահղացումը պատկանում էր Noôdome համայնքի անդամ, մարաթոնյան վազքի մեծ սիրահարներից մեկին: Այս գաղափարն անմիջապես ջերմորեն պաշտպանեցին Noôdome-ի և «Scholae Mundi» հիմնադրամի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը: Նախաձեռնության իրականացմանը միացան նաև Դիլիջանի համայնքային կենտրոնը (DCC) և տեղի կամավորական թիմը:
Վազքարշավին մասնակցեցին ինչպես փորձառու մարաթոնցիներ, այնպես էլ վազքի բազմաթիվ սիրահարներ, դպրոցականներ և տեղի ուսուցիչներ: Միջոցառման օրերին քաղաքում անցկացվեցին նաև Համահայկական դպրոցական շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլն ու տեղի վարպետների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառը՝ Dilijan Run-ը վերածելով իսկական քաղաքային տոնախմբության:
Քաղաքի համար, որտեղ նման միջոցառումներ նախկինում չէին անցկացվել, վազքարշավը միաժամանակ և՛ կազմակերպչական մարտահրավեր էր, և՛ հնարավորություն՝ գրավելու զբոսաշրջիկների ու սպորտի սիրահարների ուշադրությունն աշխարհի տարբեր ծայրերից: Կազմակերպիչները փայլուն հաղթահարեցին խնդիրը ու մասնակիցների կարծիքով՝ ամեն ինչ բարձր մակարդակի վրա էր, հատկապես բոլորին տպավորել էր բարդ ու չափազանց գեղատեսիլ վազքուղին:
Այսուհետ Dilijan Run-ը կդառնա ամենամյա սպասված իրադարձություն: Հաջորդ մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 11-ին:
DCC-ն գործարկել է համագործակցության նոր հարթակ

Դիլիջանի համայնքային կենտրոնը (DCC) հիմնել է «Dilijan Partnership Platform» նախաձեռնությունը: Դրա նպատակն է ստեղծել գործուն միջավայր՝ ի նպաստ Դիլիջան համայնքի բազմակողմանի զարգացման: Հարթակը միավորում է տեղական կազմակերպություններին, նախաձեռնող խմբերին և քաղաքացիական ակտիվիստներին՝ բոլոր նրանց, ովքեր նշանակալի դերակատարում ունեն քաղաքի սոցիալական, կրթական ու մշակութային զարգացման գործում: Մասնակիցները հնարավորություն կունենան համատեղ սահմանել ընդհանուր կարիքները, լուծումներ գտնել հրատապ հարցերին, միավորել ռեսուրսները, մշակել գործողությունների ծրագրեր և հետևել դրանց իրագործմանը:
Ուսուցիչների մասնագիտական զարգացման սեմինար

2025 թ. հոկտեմբերի վերջին DCC-ում կազմակերպվեց «Դասավանդման արդյունավետ մեթոդներ» խորագրով երկօրյա վերապատրաստման սեմինար: Դասընթացին մասնակցեցին ոչ միայն Դիլիջանի, այլև Տավուշի մարզի այլ համայնքների՝ Իջևանի և Նոյեմբերյանի մանկավարժները:
DCC-ն առաջին անգամը չէ, որ հրավիրում է ճանաչված փորձագետների և կազմակերպում դասընթացներ ուսուցիչների համար: Այսպիսով, կենտրոնը կրթական նոր հնարավորություններ է ստեղծում ոչ միայն գիտելիքի «վերջնական սպառողների», այլև հենց նրանց համար, ովքեր դասավանդում են, ինչն ի վերջո բարձրացնում է կրթության որակը համայնքում:
Անձնային և մասնագիտական զարգացման հնարավորություններ մեծահասակների համար

DCC-ի և DVV International-ի (Մեծահասակների կրթության ասոցիացիայի միջազգային համագործակցության ինստիտուտ) գործընկերության շնորհիվ Դիլիջանի բնակիչները հնարավորություն ունեն անվճար հիմունքներով մասնակցելու աշխատաշուկայում պահանջված դասընթացների (առաջնորդություն և հռետորական արվեստ, թվային հմտություններ և ԱԲ գործիքներ, անգլերեն, հաշվապահություն, կար ու ձև, վարորդական տեսություն):
DCC Կամավորների ներուժի հզորացում


Դիլիջանի համայնքային կենտրոնը մշտական կապ է պահպանում իր կամավորների հետ և անցկացնում պարբերական հանդիպումներ՝ հասկանալու նրանց հետաքրքրություններն ու կարիքները, ինչպես նաև այն ոլորտները, որտեղ նրանք զարգացման կարիք ունեն: Այդ հանդիպումների արդյունքում կամավորներին առաջարկվում են կրթական տարբեր հնարավորություններ, օրինակ՝ խոսակցական անգլերենի դասընթացներ: Դրանք օգնում են DCC-ի կամավորներին բարելավել իրենց խոսակցական հմտությունները և ավելի վստահ շփվել Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC Dilijan) համայնքի ու արտերկրից ժամանած հյուրերի հետ:
2026 թվականին DCC-ն գործարկեց գործնական պարապմունքների նոր շարք կենտրոնի կամավորների համար, ովքեր անհատույց օգնում են կենտրոնին և իրենց համայնքին: Շաբաթական մեկ անգամ՝ երեք ամիս շարունակ անցկացվող դասընթացներն օգնում են զարգացնել առաջնորդական հատկանիշներ և ձեռք բերել կառավարչական հմտություններ, որոնք մասնակիցներին օգտակար կլինեն ղեկավար պաշտոնների դիմելիս:
Դիլիջանի համայնքային կենտրոն են այցելել պատվիրակություններ Թունիսից և Ռուսաստանից:


2025 թ. դեկտեմբերին Համայնքային կենտրոնն ընդունեց DVV International-ի Թունիսի ներկայացուցիչներին: Հյուրերին հետաքրքրել էր տեղական համայնքի ներգրավման DCC-ի փորձը, որի շնորհիվ Դիլիջանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնառու քաղաքների գլոբալ ցանցում:
2026-ին կենտրոնն ընդունեց նաև կրթության ոլորտում գործող ռուսաստանյան երկու ոչ առևտրային կազմակերպությունների՝ «Աբսոլյուտ» գիշերօթիկ դպրոցի և Ռիբակով հիմնադրամի պատվիրակություններին: «Աբսոլյուտ» դպրոցը Ռուսաստանում միակ մասնավոր ներառական կրթական հաստատությունն է, որտեղ սովորում են զարգացման առանձնահատկություններ և տարբեր սոցիալական կարգավիճակ ունեցող երեխաներ: Ռիբակով հիմնադրամն իր առաքելությամբ մոտ է «Scholae Mundi» հիմնադրամին, որի հիմնադիրները նույնպես հավատում են, որ կրթությունն ի զորու է փոխել աշխարհը դեպի լավը՝ կրթելով առաջնորդների, ովքեր դրական փոփոխություններ են բերում իրենց համայնքներում:
Նման այցերը չափազանց կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս հյուրընկալող կողմին և այցելուներին կենդանի շփման միջոցով ծանոթանալու հաջողված նախագծերին, փոխանակելու լավագույն փորձը, կիսվելու մարտահրավերներով և միասին գտնելու ոչ ստանդարտ լուծումներ, ինչից ի վերջո շահում են բոլոր շահառուները:
Սուրբ Ծննդյան տոնավաճառ Դիլիջանում։


Ամենամյա Սուրբ Ծննդյան տոնավաճառը 2025 թ. համախմբեց շուրջ 500 մասնակցի (մոտ 250 ընտանիք): Մարդկանց տոն պարգևելու նպատակով միջոցառմանն աջակցեցին տեղի գործարարները: Բոլոր տարիքի դիլիջանցիները գնում էին նվերներ՝ հայ վարպետների ձեռագործ աշխատանքներ, համտեսում տեղական ռեստորանների ճաշատեսակները, խաղում ինտելեկտուալ ու սեղանի խաղեր և մասնակցում խոհարարական վարպետության դասերի: Ընտանիքների համար կազմակերպվեց ամանորյա թեմայով ֆիլմերի դիտում, իսկ երեխաների համար գործում էր Ձմեռ պապի փոստը: Երեկոյան կենտրոնի բակում բոլոր հյուրերի համար կայացավ տոնական համերգ՝ դիլիջանյան պարային ու երաժշտական խմբերի, ինչպես նաև տեղի բնակիչների ու DCC կամավորների մասնակցությամբ:
Բարի գործերի օր՝ Դիլիջանում և Տաթևում


DCC-ն՝ որպես «Բարի գործերի օր» համաշխարհային շարժման մշտական մասնակից, տեղական գործընկերների հետ համատեղ իրականացրեց մի շարք սոցիալական նախաձեռնություններ Դիլիջանի և հարակից համայնքների համար:
Մարգահովիտում երիտասարդների ներգրավմամբ տնկվեցին ծառեր և ծաղիկներ, իրականացվեցին բարեկարգման և մաքրման աշխատանքներ: Կամավորները ստեղծեցին «Երջանիկ այգի» նոր հանրային տարածքը՝ շփման և համատեղ ուսումնառության համար: Ծառատունկին մասնակցեցին նաև Դիլիջանի միջազգային դպրոցի աշակերտները՝ հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների սոցիալական ներառման «Հույսի կամուրջ» ՀԿ-ի շահառուների հետ միասին: Տարածքի մաքրման աշխատանքներին միացան նաև Alteralab երիտասարդական կենտրոնի կամավորները: ABC Centre-ի հետ համատեղ կազմակերպվեց խոհարարական դասընթաց երեխաների և ուսուցիչների համար, որոնք թխվածքաբլիթներ պատրաստեցին և հյուրասիրեցին տեղացիներին:
Տաթևում կամավորները բարեկարգեցին մանկապարտեզի և Տաթևի համայնքային կենտրոնի տարածքները, օգնեցին տարեցներին իրենց բակերի մաքրության հարցում, ինչպես նաև միացան համայնքապետարանի բարեկարգման ծրագրերին՝ ամրապնդելով տեղական ինքնակառավարման հետ համագործակցությունը:
«Դիլիջանի արխիվ» մշակութային նախագիծ։

Փետրվարին «Դիլիջանի արխիվ» նախագիծը համալրվեց նոր ուղղությամբ՝ քաղաքի պատմությանը նվիրված հոդվածների շարքով: Նյութերը ներառում են արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, աուդիո և վիդեո ձայնագրություններ, որոնք հասանելի են պատմության սիրահարներին DCC մեդիահարթակներում և Telegram-ում:
DCC-ն «Դիլիջանի արխիվ» նախագիծն իրականացնում է 2019 թվականից՝ հավաքելով և պահպանելով Դիլիջանի պատմամշակութային ժառանգությունը և երեք լեզուներով պատմելով քաղաքի նշանավոր բնակիչների մասին: Թիմը շարունակում է հարցազրույցների շարքը ճանաչված դիլիջանցիների հետ, ովքեր իրենց ավանդն են ունեցել քաղաքի զարգացման գործում:
Համայնքային կենտրոնները և տեղացիների հաղորդակցումը արվեստին


Դիլիջանի և Տաթևի համայնքային կենտրոնները շարունակում են գործակցել Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ՝ անցկացնելով անվճար դասընթացներ 6-16 տարեկան երեխաների և պատանիների համար։ Շահառուները յուրացնում են կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր ժանրեր։ Տեղի բնակիչների համար սա եզակի հնարավորություն է բացահայտելու սեփական ստեղծարար ներուժը և ձեռք բերելու գեղարվեստական հմտություններ, իսկ առավել տաղանդավոր շրջանավարտների աշխատանքները վայելում են մեծ պահանջարկ։
DCC-ին կից գործում է նաև կանանց ձեռագործության ակումբ, որտեղ դիլիջանցի կանայք շփվում են, ստեղծագործում, ինչպես նաև կամավորական հիմունքներով տաք գուլպաներ գործում զինծառայողների համար:
DCC-ում կայացավ նկարչության դասընթացի սաների աշխատանքների ցուցահանդեսը


Ի՞նչ են բարությունը, համերաշխությունը, հույսն ու ներդաշնակությունը։ Ինչպե՞ս են դրանք ընկալում և պատկերում երեխաները։ Դիլիջանից և հարակից բնակավայրերից տարբեր տարիքի շուրջ 60 երեխաներ ողջ ուսումնական տարվա ընթացքում ստեղծել էին անհատական և կոլեկտիվ աշխատանքներ՝ նվիրված խաղաղության թեմային։ Այդ գործերը ներկայացվեցին DCC-ում կայացած «Խաղաղության ծաղիկներ» խորագրով ցուցահանդեսին։
Դիլիջանի համայնքի երեխաների համար նկարչության անվճար քառամյա և յոթնամյա դասընթացներն անցկացվում են DCC-ում՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ։ Ծրագրերը հավատարմագրված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության կողմից
Դիլիջանցի պարողների ելույթները տարբեր համերգային հարթակներում:


Ազգային պարերը շատ տարածված են Հայաստանում:
DCC-ում գործող ազգային պարերի դասընթացի մասնակիցները (DVV International-ի աջակցությամբ) հուլիսի 8-ին ելույթ ունեցան Ստեփանավանում՝ մեծահասակների տեղի կրթական կենտրոնի տարեդարձին:
Իսկ կենտրոնի հենքի վրա գործող «Նազանի» պարային դպրոցի սաները մեծ պատիվ ունեցան ներկայացնելու Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Բուլղարիայում անցկացված միջազգային փառատոնում, որտեղ նվաճեցին 1-ին մրցանակը: Հուլիսին համույթը մասնակցեց ևս երկու միջազգային միջոցառման՝ համերգի Վրաստանում և պարային փառատոնի Կիպրոսում:
Պատանի ձեռներեցներ ողջ Հայաստանից՝ Դիլիջանում

Մարտի 8-ին Դիլիջանում կայացավ պատանի ձեռներեցների համաշխարհային մրցույթի ազգային կիսաեզրափակիչը, որտեղ Հայաստանի տարբեր քաղաքներից ավագ դպրոցականները մրցում էին իրենց նորարար նախագծերի զարգացման դրամաշնորհի համար: Այս տարի կիսաեզրափակիչ անցան տասը թիմեր (Դիլիջանից, Իջևանից, Բերդից, Վանաձորից, Գյումրիից, Երևանից, Աբովյանից, Զովունիից, Մասիսից և Գավառից):
3-րդ տեղը զբաղեցրեց Երևանի թիմը՝ ավտոմատացված ակվարիումային համակարգի նախագծով, 2-րդ տեղը շնորհվեց Դիլիջանի պատանիներին՝ օրգանական թափոններից էներգիա ստանալու սարքի համար, իսկ հաղթող ճանաչվեց Գյումրու թիմը՝ լսողության խնդիրներ ունեցողների համար նախատեսված «խելացի» թևնոցի նախագծով: Հաղթողը DCC-ի կողմից ստացավ 100,000 ՀՀ դրամ պարգևավճար և մրցույթի միջազգային եզրափակչում Հայաստանը ներկայացնելու իրավունք:
DCC-ն Diamond Challenge-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում 2017 թվականից: